Ադրբեջանի էթնիկ պատկերը. դասախոսություն Մարտական պատրաստության ակումբում

Image

Մայիսի 7-ին Մարտական պատրաստության ակումբում տեղի ունեցավ դասախոսություն՝ “Ադրբեջանի էթնիկ պատկերը” թեմայով, որը վարում էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, բանասիրական գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանը:

Վարդան Ոսկանյանը իր խոսքը սկսեց Ադրբեջանական Հանրապետության ձևավորման պատմության վերաբերյալ անդրադարձով` նկատելով, որ “ադրբեջանցիներ” էթնիկ միավոր երբևէ գոյություն չի ունեցել և այսօր էլ` գոյություն չունի: Ադրբեջանի Հանրապետության այսօրվա բնակչությունը, ովքեր իրենց անվանում են ադրբեջանցի, իրականում տեղական տարբեր ցեղերի` հիմնականում կովկասյան թաթարների ժառանգներ են, ովքեր չեն էլ կասկածում իրենց իրական ծագման վերաբերյալ: Իսկ “ադրբեջանցի” անվանման ծագումնաբանությունը բանախոսը պայմանավորում է Ատրպատական անվան ձևափոխմամբ:

Անդրադառնալով ժամանակակից Ադրբեջանի էթնիկ խճանկարին` Վարդան Ոսկանյանը նկատեց, որ մինչ օրս էլ այդ տարածքում գոյություն ունեն տարբեր էթնիկ միավորների մեծ համայնքներ, այդ թվում` թաթերի, թալիշների, լեզգինների և այլն: Վարդան Ոսկանյանը նշեց, որ այսօր նշված էթնիկ խմբերի կողմից իրականացվում են լուրջ քայլեր` ազգային ինքնագիտակցության բարձրացման, էթնիկ հիմնահարցերի բարձրաձայնման տեսանկյունից: Սակայն այդ քայլերը մշտապես բախվում են Ադրբեջանական պետության իշխանությունների դիմադրության պատին:

Հանդիպման վերջում բանախոսը պատասխանեց Ադրբեջանի էթնիկ խճանկարին առնչվող տարաբնույթ հարցերի:

Մարտական պատրաստության ակումբը «Աշխարհազոր» երիտասարդական, կրթական հասարակական կազմակերպության նախաձեռնությունն է, որի շրջանակներում հայ երիտասարդները ստանում են կրակային պատրաստության, մարտավարական պատրաստության, առաջին օգնության հմտություններ, ինչպես նաև առաջատար մասնագետների կողմից իրազեկվում են ազգային և տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերի մասին: Նախաձեռնությանն աջակցում են ՀՀ պաշտպանության նախարարությունը, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակը, Մովսես Գորգիսյանի անվան Սթրայքբոլի հայկական ֆեդերացիան, «Լեգեոն» փեյնթբոլի ակումբը, Ռազմական թաեքվանդոյի ֆեդերացիան, Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպությունը (ՀԱՍԿ), Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Երևանի սկաուտական կազմակերպությունը, Հայկական կարմիր խաչի ընկերությունը:

Leave a comment